Հայաստանի 13-րդ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը
PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը նոր վարչապետի պաշտոնում նշանակել է մինչ այս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանին: Այս մասին ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ ու խորհրդի նիստերից հետո հայտարարել է կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նախագահն իր համար նախընտրելի թեկնածուին ներկայացրել է ՀՀԿ Գերագույն մարմնի մոտ 20 անդամին, այնուհետև հրավիրված նիստում որոշումը միաձայն քվեարկությամբ հաստատել է նաև ՀՀԿ քաղխորհրդի մոտ 160 անդամը։
Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի՝ նշելով, որ Կառավարության նոր կազմի վերաբերյալ կադրային քննարկում առայժմ չի եղել, բայց Հովիկ Աբրահամյանին քաղաքական մեծամասնությունն ազատ կադրային քաղաքականություն իրականացնելու ազատություն է տվել՝ ընտրելու համար կադրեր ոչ միայն կուսակցությունից, այլև հաշվի առնելով մասնագիտական հմտությունները։
Մինչ այս Սերժ Սարգսյանը կոնսուլտացիաներ էր անցկացրել խորհրդարանական խմբակցությունների հետ, լսել նրանց կարծիքը։
Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 3-ին։ Վարչապետը նշել է, որ սա կշռադատված որոշում է, այլ ոչ` պահի տակ կայացված: Ավելի ուշ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:
Հրաժարականից հետո որպես հավանական թեկնածուներ շրջանառվում էին հետևյալ անունները` Արմեն Գևորգյան, Արմեն Երիցյան, Կարեն Կարապետյան, Ռալֆ Յիրիկյան, Ռոբերտ Քոչարյան, Սեյրան Օհանյան, Վիգեն Սարգսյան, Վլադիմիր Գասպարյան: Առաջինը հերքվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «տարբերակը»: Նրա մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն ապրիլի 4-ին հայտարարել էր, որ շրջանառվող լուրը, թե Քոչարյանը վարչապետի թեկնածուներից մեկն է, իրականությանը չի համապատասխանում, գրում է Tert.am-ը:
Ապրիլի 6-ին Ծաղկաձորում մեկնարկած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովում ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանը նշել էր, որ նման առաջարկ չի ստացել:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայության ղեկավար Վահե Իսահակյանը նույնպես շտապել էր հերքել լուրը, թե Ռալֆ Յիրիկյանը կարող է դառնալ վարչապետ. «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է «Ժամանակը»:
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ վարչապետի բացակայության ընթացքում նրան փոխարինում է փոխվարչապետը: Երկրի ղեկավարը վարչապետ է նշանակում Կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում:
Ըստ 55-րդ հոդվածի՝ վարչապետի՝ հրաժարական ներկայացելու կամ նրա պաշտոնի թափուր մնալու օրը նախագահն ընդունում է նաև Կառավարության հրաժարականը: Սահմանադրությամբ ամրագրված է, որ գործադիրի հրաժարականի ընդունումից հետո դրա անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև նոր Կառավարության կազմավորումը, ինչը պիտի լինի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում:
Նույն հոդվածի 4-րդ կետով ամրագրված է, որ երկրի ղեկավարն Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: