Ձեռնաշարժությունը սեռական հասունացման շրջանում և հասուն տարիքում

Ձեռնաշարժությունը սեռական հասունացման շրջանում

Ձեռնաշարժությունը (մաստուրբացիա, ինքնաբավարարում, օնանիզմ) ձեռքի օգնությամբ ինքնագրգռման հասնելն է, որն ավարտվում է սերմնաժայթքումով`  տղամարդկանց մոտ և հեշտանքի զգացումով` երկու սեռերի մոտ: Կան ձեռնաշարժության մի քանի ձևեր: Նախ և առաջ դա պատանեկան ձեռնաշարժությունն է: Սա պատանեկան տարիքում տղաների սեռական հասունացման բնորոշ դրսևորումներից է: Ձեռնաշարժության այս տեսակը պայմանավորված է ֆիզիոլոգիական և սոցիալական գործոններով: Ֆիզիոլոգիական գործոնը այս տարիքում առաջացող նեյրոհորմոնալ բուռն տեղաշարժերն են: Այս ժամանակ կտրուկ բարձրանում է արական սեռական հորմոնի` տեստոստերոնի քանակությունը, որը երկու ճանապարհով խթանում է ձեռնաշարժության երևույթը: Նախ, տեստոստերոնի աճող քանակը արագացնում է ամորձիների զարգացումը և սերմի արտադրության պրոցեսը: Արագ տեմպերով կուտակվող սերմնահեղուկը լարում է առաջացնում սերմնատար ուղիներում` ճնշում գործադրելով այդ ուղիների պատերում տեղակայված մեխանոռեցեպտորների վրա: Այս ճնշումը ընկալվում է իբրև ֆիզիոլոգիական դիսկոմֆորտի վիճակ, որից ամեն կերպ ազատվելու ձգտումը դառնում է գերիշխող շարժառիթ: Մյուս կողմից, տեստոստերոնը ազդելով բարձրագույն նյարդային համակարգում տեղակայված սեռական վարքի համար  պատասխանատու կենտրոնների վրա` թողնում է էրոտիզացնող հատկություն, որը դրսևորվում է սեռազգայնության բարձրացմամբ, սեռական բնույթի երևակայությունների առաջացմամբ: Ձեռնաշարժությանը նպաստող սոցիալական գործոններն են ընտանիքի ձևավորման տարիքային բարձր ցուցանիշները և մեր հասարակության մեջ տիրող բարոյական նորմերի երկակի ստանդարտը, այսինքն` մի տեսակի կնոջ համար, մեկ այլ տեսակի տղամարդու համար: Այսպիսով պատանին այս տարիքում ոչ կարող է ամուսնանալ, քանի որ սոցիալապես հասուն չէ, ոչ էլ սեռական կապ ունենալ իր հասակակից աղջիկների հետ, քանի որ վերջիններս պետք է պահպանեն իրենց կուսությունը նախքան ամուսնանալը: Այսպիսով պատանեկան տարիքում հորմոնալ փոթորիկով պայմանավորված սեքսուալ դիսկոմֆորտից ձերբազատվելու ուղին դառնում է ձեռնաշարժությունը: Այսինքն, բժշկական տեսանկյունից պատանեկան հիպերսեքսուալության ձեռնաշարժությունը ինքնին, չունի ախտաբանական ազդեցություն առողջության վրա: Այն ունի ժամանակավոր բնույթ և սովորաբար անցնում է, երբ ավարտվում է սեռական հասունացման բուռն շրջանը, սովորաբար 25 տարեկանին մոտ:
Սակայն, կրոնական պատկերացումների ազդեցության տակ ձեռնաշարժությունը սերտ կապով ամրացել է մեղքի զգացումի հետ: Հին կտակարանում այս երևույթին տրվում է խիստ բացասական գնահատական, համարվելով ծանրագույն մեղք: Այս պատկերացումը շարունակվում է նաև նոր կտակարանում, և այսպիսով զրկում քրիստոնյա պատանիներին և երիտասարդներին սեռական դիսկոմֆորտից ազատվելու միակ անվնաս ֆիզիոլոգիական ճանապարհից:

Ձեռնաշարժությունը հասուն տարիքում

Հասուն տարիքում ձեռնաշարժությունը հանդիպում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Ի տարբերություն տղամարդկանց, ովքեր ձեռնաշարժությամբ սկսում են զբաղվել դեռևս պատանեկան հասակից, կանայք այդ միջոցին դիմում են ավելի ուշ տարիքում, հիմնականում սեռական կյանքի փորձ ձեռք բերելուց հետո: Հասուն տարիքում ձեռնաշարժությունը լինում է մի քանի տեսակի: Ամենահաճախ հանդիպող տեսակը դա այսպես կոչված փոխարինող ձեռնաշարժությունն է: Ձեռնաշարժությունը այս դեպքում կարծես թե փոխարինում է սեռական զուգընկերոջը/ուհուն, երբ վերջինս ինչ-ինչ պատճառներով հասանելի չէ: Սովորաբար այս տեսակի մաստուրբացիան բնորոշ է ուժեղ սեռական կոնստիտուցիա ունեցող անձանց, ովքեր ծանր են տանում սեռական ձեռնպահությունը, այսինք սեռական կյանքի բացակայությունը: Բժշկական տեսանկյունից այս տեսակի մաստուրբացիան համարվում է ֆիզիոլոգիական, այնպես որ որևէ տեսակի բուժական միջամտության կարիք այստեղ չկա:
Հասուն տարիքում հանդիպող հաջորդ տեսակի ձեռնաշարժությունը կպչուն-սևեռուն ձեռնաշարժությունն է:  Սրա բնորոշ կողմը կպչունությունն է, այսինքն կամքին հակառակ ներքին հարկադրող մղում կա, որը ստիպում է անձին զբաղվել ձեռնաշարժությամբ: Նույնիսկ ամուսնանալուց հետո ձեռնաշարժությունը չի դադարում և անգամ սեռական ցանկության, էրեկցիայի և օրգազմի բացակայությունը պատճառ չի դառնում դրանից ազատվելու: Հիվանդը զբաղվում է ձեռնաշարժությամբ ինքն էլ չհասկանալով թե ինչու, ինչի համար: Այս տեսակի ձեռնաշարժությունը համարվում է հիվանդագին և հանդիպում է փսիխոտիկ խանգարումների ժամանակ իբրև հիմնական հիվանդության նշաններից մեկը:
Ամուսնացած տղամարդկանց և հատկապես կանանց ձեռնաշարժությունը միշտ չէ, որ հիվանդագին բնույթ է կրում: Այսպես, օրինակ, կանայք, ովքեր սեռական հարաբերության ընթացքում չեն հասնում օրգազմի, սեռական լարվածության ծանր զգացումից ազատվելու նպատակով դիմում են ձեռնաշարժության և այս դեպքում այդ ձեռնաշարժությունը ոչ մի դեպքում հիվանդագին համարել չի կարելի: Կամ օրինակ, սեռական կոնստիտուցիաների անհամապատասխանության դեպքում բարձր սեռական կոնստիտուցիա ունեցող զուգընկերը դիմում է ձեռնաշարժության, որպեսզի լրացնի սեռական պահանջի «ավելցուկը»: Սա նույնպես հիվանդագին չէ:
Կանայք, ովքեր դիմում են ձեռնաշարժության` սեփական սեքսուալությունը հայտնաբերելու կամ սեքսուալ ինքնության ինքնաբացահայտման նպատակով դարձյալ ֆիզիոլոգիական սահմանների մեջ են:


sexology.am